ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԱԳՈՐԾ

Եկավ գարուն, եկան հավքեր,
Տաքցավ արև, գլգլան ջրեր,
Եկան վարի-ցանքի օրեր։
Կռունկն ամոլ արեցի,

Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի՝ վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։

ԷՍ ԷՆ Է

1.
Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.
Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.
Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.
Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.
Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.
Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

7.
Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8.
Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9.
Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

10.
Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11.
Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

ԱՐԱԳԻԼ

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

ԾԱՂԻԿՆԵՐԸ


— Ո՞ւր գնացին ծաղիկները:
— Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմրան սաստիկ ցրտերի հետ
Ձյան-ծածկոցը կըտանի:
«Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

 

ԳԵՏԱԿԸ

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ

Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.
Դադար չունեմ
Ես մինչև ծով»։

Հ. Թումանյանի կենսագրությունը

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ: Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում:
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում: 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ):

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ: Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո: Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը: Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ: Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով: Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են “Մարոն” (1887, հրատարակվել է 1892թ), “Լոռեցի Սաքոն” (1889, հրատարակվել է 1890թ), “Անուշ” ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ):

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը: Օրինակ՝ “Թմկաբերդի առումը” (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ “Ախթամար”, “Փարվանա”, “Սասունցի Դավիթ” պոեմները, “Մի կաթիլ մեղր” հեքիաթը:

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ:

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ: 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը: Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22):

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում: