Մարիա Մոնտեսորիի տասնինը պատվիրանները ծնողներին

IMG_0288

Աղբյուրը՝ «Դպիր ամսագիր

Կարծիք կա, որ 20-րդ  դարի 4 մանկավարժները՝  ամերիկացի Ջ. Դյուին, գերմանացի Գ. Կերշենշտեյները, իտալուհի Մ. Մոնտեսորին և խորհրդային  մանկավարժ Ա. Մակարենկոն դաստիարակության մեջ հեղափոխություն իրականացրին:

Մարիա Մոնտեսորին ձևակերպել է կարճ պատվիրան-հիշեցումներ ծնողների համար: Դրանք պարզ բաներ են, բայց եթե խորանանք դրանցից յուրաքանչյուրի մեջ, կպարզվի՝ բազմահատոր իմաստություն է՝ ամփոփված մի քանի բառի մեջ: Խորհուրդ է տրվում տարին գոնե մեկ անգամ վերընթերցել այս ցուցակը։ Այդ դեպքում երեխաների հետ փոխհարաբերությունները կարող են որակապես այլ մակարդակի հասնել, իսկ երեխան ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն կդառնա։

  1. Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը:
  2. Եթե երեխային հաճախ քննադատում են, նա  սովորում է դատապարտել:
  3. Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
  4. Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել:
  5. Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել:
  6. Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ լինել է սովորում:
  7. Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:
  8. Եթե երեխային հաճախ են պախարակում, նա սովորում է մեղավոր զգալ:
  9. Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
  10. Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել:
  11. Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:
  12. Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում:
  13. Երեխայի մասին վատ մի խոսեք նրա ներկայությամբ կամ առանց նրա:
  14. Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա:
  15. Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային:
  16. Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:
  17. Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է:
  18. Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով:
  19. Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

 

 

Տասը պատվիրան ծնողին

IMG_0168

Աղբյուրը՝ «Պարտեզ» ամսագիր

Յանուշ Կորչակ (լեհերեն Janusz Korczak, իսկական անունն է   Henryk Goldszmit, (1878 – 1942) – նշանավոր մանկավարժ, գրող, բժիշկ եւ հասարակական գործիչ: Նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի օկուպացիայի ընթացքում, Կորչակը հերոսաբար կռվել է Վարշավայի գետտոների երեխաների կյանքի համար, մահացել է Տրեբլինկա գազի կամերաներում իր 200 աշակերտների հետ միասին: Կորչակի մանկավարժական հայացքները բավականին հետաքրքիր են, երբեմն ինչ-որ չափով դժվար ընկալելի, առաջին հայացքից՝ անգամ անընդունելի: Բայց երբ կարդում ես, սկսում ընկալել նրա մտքի տարածքը, զարմանում ես, թե որքան պարզ բաների մասին է խոսքը, որ մենք այդպես էլ չենք տեսնում ու հասկանում:

Տաս պատվիրան ծնողներին

  1. Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես իրեն: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին, և սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ վերաբերվիր նրա խնդիրներին բարձրամտորեն: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները  հանդիպումներն են   երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Հիշի՛ր, որ արվածը, միևնույն է, երեխայի համար բավարար չէ,  միաժամանկ նրա համար ամեն ինչ արվել է:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Դա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ նրա մեջ պահպանելու և զարգացնելու ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է, որոնց մոտ պետք է աճի ոչ թե սեփական երեխան, այլ՝ ի պահ տրված հոգին:
  9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի արա այն, որ չես ուզենա անեն քոնին:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, մեծահասակ: Ուրախացի՛ր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան —  տոն է,  որ դեռ ձեզ հետ է: